Հայաստանը Մետաքսի ճանապարհի շրջանակներում կմշակի «Գինու զբոսաշրջություն» ռազմավարությունը
Բեռլինում մարտի 7-ից 11-ն անցկացված «ITB Berlin – 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել է Մետաքսի ճանապարհի շրջանակներում՝ «Գինու զբոսաշրջություն» ծրագիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության զբոսաշրջության հարցերով պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։ Փոխանցում է panorama.am-ը։
Նշենք, որ ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհի երկրների նախարարական 8-րդ հանդիպումը, որը կրում էր ««Մետաքսի ճանապարհ»-ի զբոսաշրջություն 2025-ի օրակարգ» խորագիրը և նվիրված էր «Մետաքսի ճանապարհ»-ի պատմական երթուղիներով զբոսաշրջության երկարաժամկետ զարգացման հարցերին։
Զարմիեն Զեյթունցյանն ասաց, որ հանդիպման ժամանակ ներկայացրել է գինու զբոսաշրջությունը Մետաքսի ճանապարհին տարածաշրջանային միասնական զբոսաշրջային արդյունքի ձևավորման և խթանման ռազմավարության մշակման և իրականացման՝ Հայաստանի նախաձեռնությունն ու իրականացման ընթացքը, ինչը ողջունվել է մասնակիցների կողմից:
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի Իսպանիայի Վալենսիա քաղաքում տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհի շրջանակներում ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության աշխատանքային խմբի նիստը, որի ժամանակ Հայաստանն առաաջարկել է մշակել «Գինու զբոսաշրջություն մետաքսի ճանապարհին» զբոսաշրջային արդյունքի ռազմավարությունն ու մարքեթինգային քաղաքականությունը: Այդ նախաձեռնությունն ընդունվել է ՄԱԿ-ի ԶՀԿ-ի կողմից:
Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ հայկական կողմը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և մշակույթի պահպանման ասպարեզում հայտնի Սմիթսոնյան ինստիտուտի հետ համատեղ արդեն պատրաստել է Մետաքսի ճանապարհին «Գինու զբոսաշրջություն» նախագիծը:
Ըստ նրա՝ նախատեսվում է նախագիծն ուղարկել Մետաքսի ճանապարհի երկրների նախարարական 8-րդ հանդիպմանը մասնակից բոլոր երկրների Զբոսաշրջության նախարարություններին, որից հետո ստանալով նրանց համաձայնությունը՝ ձեռնամուխ կլինեն գինու երթուղու, այնուհետև՝ «Գինու զբոսաշրջություն մետաքսի ճանապարհին» ռազմավարության մշակմանը:
«Սա շատ կարևոր է մեզ համար, քանի որ մենք կարևորում են միջտարածաշրջանային զբոսաշրջության զարգացումն ու միջմշակութային երկխոսությունը:Բացի այդ, մենք Հայաստանն աշխարհին ցանկանում ենք ներկայացնել որպես գինու հայրենիք»,- ասաց Զարմիեն Զեյթունցյանը՝ հավելելով, որ գինու երթուղին ինտեգրելու է Հայաստանի համայնքները, սակայն դա ենթադրում է ոչ միայն այցելություններ գինու գործարաններ, այլև դրա մեջ կներառվեն այլ բաղադրիչներ՝ այցելություններ պատմամշակութային վայրեր և այլն, այսինքն՝ կներկայացվի Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: