«Գազալցակայաններում ու 2000-ից ավելի օբյեկտներում վերջին տարիներին տեղադրվել են հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգեր, տագնապը փոխանցող համակարգեր, որոնց շնորհիվ հնարավոր հրդեհի դեպքում արձագանքումը շատ արագ է լինում, մեկուսացումն ու մարումն իրականացվում են շատ արագ»։ Այս մասին հայտնել է ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է panorama.am-ը։

Ըստ նրա՝ 2012թ․-ից գազալցկայաններում գրանցվել է հրդեհի 23 դեպք, զոհվել է երկու մարդ, վնասվածքներ է ստացել ութ մարդ: Նույն ժամանակահատվածում գազալցակայաններում 27 տեխնածին կամ արտադրական վթարների հետևանքով զոհվել է 5 մարդ, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ինչ վերաբերում է մեքենաների գազաբալոնների պայթյուններին, ապա տարեցտարի թիվն աճում է:

«2012-ից մինչ օրս գրանցվել է գազաբալոնի պայթյունի հետևանքով 537 հրդեհի դեպք, զոհվել է 19 մարդ, վնասվածքներ ստացել 62 մարդ, առավել շատ դեպքեր գրանցվե են 2016-ին»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ ԱԻՆ-ն այս առումով վերահսկողական որևէ ֆունկցիա չի իրականացնում: