Ռուսական պատվաստանյութը 2020թ-ին երեխաներին չի ներարկվի
Ռուսական պատվաստանյութը 2020թ-ին երեխաներին չի ներարկվի, քանի որ, ըստ օրենքի՝ դեղամիջոցը պետք է անցի փորձարկումների ամբողջական շրջանը։ Այդ մասին տեղեկացրել է Գամալեի անվան հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կիրառելի կլինի նաև երեխաների համար, սակայն, ըստ ՌԴ օրենսդրության՝ երեխաներին նոր դեղամիջոցի պատվաստում կարելի է կատարել միայն, եթե ավարտվել է փորձարկումների 3-րդ փուլը»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Իր հերթին Սեչենովի անվան համալսարանի Տրանսլյացիոն բժշկության և կենսատեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Վադիմ Տարասովն ասել է, որ երեխաների շրջանում պատվաստանյութի կիրառումից առաջ սովորաբար կատարվում են մինչկլինիկական փորձարկումներ՝ ոչ սեռահասուն կենդանիների վրա, որից հետո նոր որոշում է կայացվում երեխաների շրջանում պատվաստանյութի կիրառման մասին։
«Դեռևս վաղ է խոսել երեխաների շրջանում պատվաստումների մասին, սակայն, նրանք ռիսկի խմբում չեն ու թեթև են տանում հիվանդությունը»,- ասել է Տարասովը։