Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններ են անցկացվել
Ապրիլի 11-ին արտաքին գործերի նախարարությունում կայացել են խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխգործակցության, Իրանի հետ կողմերի համագործակցության, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմակողմ հարթակներում համագործակցության թեմաներով։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահան Կոստանյանը, իսկ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
«Քննարկվել է հիշյալ տարածաշրջաններում գործունեությանն, ինչպես նաև համապատասխան տարածաշրջանային կառույցներում համագործակցությունն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Կողմերն ընդգծել են միջազգային հարաբերությունների առանցքային թեմաների շուրջ դիրքորոշումների քննարկման կարևորությունը՝ միաժամանակ արձանագրելով երկկողմ պատրաստակամություն՝ շարունակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի օգտակար փոխանակումը:
Բանակցություններին հաջորդած՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հանդիպման ժամանակ նշվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունը, քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները: Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ դաշնակիցների և գործընկերների կողմից պատշաճ արձագանքի և գործուն քայլերի հրատապությունը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։