Փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովը որոշեց համաձայնություն տալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն: Այլ կերպ ասած՝ ընդդիմադիր պատգամավորը զրկվեց անձեռնմխելիությունից:

107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը, որոնք էլ քվեարկել են հանրային քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տալու օգտին:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը քննարկում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Այն խորհրդարանի ամբիոնից ներկայացնում էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Ըստ գլխավոր դատախազի՝ 2023թ. մարտի 31-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Մհեր Սահակյանը Ազգային ժողովում նույն օրը կազմակերպված փակ քննարկման ժամանակ հակադրվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել ագրեսիվ վարքագիծ:

Դատախազի միջնորդագրի համաձայն՝ ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել և բղավելով դիտողություն արել Վլադիմիր Վարդանյանին: Շրջանցելով պատգամավոր Ալխաս Ղազարյանին, մոտեցել է Վ. Վարդանյանին: Աջ ձեռքով դիտավորյալ հարվածել է Վարդանյանի դեմքի ձախ քունքային հատվածին՝ պատճառելով առողջության թեթև վնաս: Վնասվել է նաև Վլադիմիր Վարդանյանի ձախ վերհոնքային շրջանը, քերծվել է քիթը, մեջքը, արյունազեղումներ են առաջացել ձախ կոպի վերին և ստորին հատվածներում:

Պատճառը եղել է այն, որ Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փակ նիստում Արծվիկ Մինասյանին դիտողություն է արել՝ քննարկվող հարցից շեղվելու համար, ինչը դուր չի եկել Մհեր Սահակյանին:

Պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Գեղամ Նազարյանը ցուցմունքներում նշել են, որ Վլադիմիր Վարդանյանն ագրեսիվ ձևով քայլել է դեպի Մհեր Սահակյանը: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները Մհեր Սահակյանի պահվածքը որակում են որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն:

Աննա Վարդապետյանը նշեց, որ անհրաժեշտ պաշտպանությունը բացակայել է:

Երևան քաղաքի դատախազությունում քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ փաստական տվյալները բավարար են Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար՝ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով Վլադիմիր Վարդանյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու համար:

Իր ելույթում Մհեր Սահակյանն, անդրադառնալով միջնորդագրին, նշեց, որ բացարձակ համաձայն չէ այն մեղադրանքին, որ իր արարքում առկա է խուլիգանության որևէ հանցակազմ: Պատգամավորի մոտ տպավորությունն այնպիսին էր, որ մեղադրանքը կառուցված է բացառապես Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքի հիման վրա:

Պատգամավորի խոսքով՝ մեկ հարված հասցրել է Վ. Վարդանյանին զուտ ինքնապաշտպանական նկատառումներով, և նպատակ չունենալով վեճը շարունակել՝ անմիջապես հեռացել է սենյակից:

Պատգմավորը նաև հայտարարել էր, որ տպավորություն չստեղծելու համար, թե թաքնվում է անձեռնմխելիության հետևում, ինքն անձամբ կողմ է քվեարկելու իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը: