«Գերիների խնդիրը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է»․ Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Էմմա Պալյանի հարցին, որ երեկ շիրակցի գերիների ծնողները փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը և սպասում են վարչապետի խոսքին, նշել է․ «Պետական մարմինների ուշադրության կենտրոնում է գերիների խնդիրը»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ այդ հարցը հասցեագրված է: Սակայն տարբեր ատյաններում Ադրբեջանը գերեվարման մեջ գտնվող քաղաքացիներին ներկայացնում է ոչ ռազմագերի: Մինչդեռ վարչապետի դիտարկմամբ՝ սա մեկնաբանման հարց չէ: Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը վերաբերում է ոչ միայն ռազմագերիներին, այլև պատանդներին և այլ պահվող անձանց:
«Սա այն դեպքն է, երբ Ադրբեջանը շատ ուղիղ չի կատարում իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, և մենք պետք է հետևողականորեն շարունակենք մեր ջանքերը և՛ խորհրդարանական, և՛ կառավարական հարթակներում, և՛ հասարակական կազմակերպությունների մակարդակով, որպեսզի միջազգային գործիքակազմն օգտագործենք այդ խնդիրը րոպե առաջ լուծելու համար»,- հավելեց Փաշինյանը: