G7-ի երկրների ԱԳ նախարարները պայմանավորվել են պահպանել հակառուսական պատժամիջոցները
Մեծ յոթնյակի (G7) երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչները պայմանավորվել են ուժեղացնել վերահսկողությունը հակառուսական պատժամիջոցների իրականացման նկատմամբ։ Այս մասին ապրիլի 17-ին հայտարարվել է G7 երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում, որը տեղի է ունեցել Ճապոնիայի Կարուիզավա քաղաքում (Նագանո պրեֆեկտուրա)։
«G7-ը հաստատել է, որ կպահպանի կոշտ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ինչպես նաև կշարունակի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է միջոցառման կազմակերպիչների հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նրանք «պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը պատժամիջոցներից խուսափելու դեմ պայքարի և երրորդ երկրների կողմից Ռուսաստանին սպառազինությունների մատակարարմանը հակազդելու հարցում»:
Այս կապակցությամբ Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշին, ով նախագահում է նիստը, նշել է «երկրների, այդ թվում ՝ Գլոբալ Հարավի հետ համագործակցության ամրապնդման» կարևորությունը: Այս զարգացող պետությունները չեն միանում Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությանը՝ զբաղեցնելով չեզոք դիրքորոշում։
G7-ի արտգործնախարարները նաև դատապարտել են Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշումը: Հայաշին այս կապակցությամբ կարծիք է հայտնել, որ այդ որոշումը «կհանգեցնի իրավիճակի հետագա սրմանը»։