Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 12։00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրել է «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը։

Նրա խոսքով՝ բանակցությունների նախորդ փուլը ձախողվեց, իսկ երեկ կայացել է Հանրապետական կուսակցության ժողովը՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ և եկել են ընդհանուր հայտարարի, որ պետք է Կարեն Կարապետյանին լիազորեն որպես բանակցող: Փաշինյանը երեկ հայտարարել էր․

«Մենք այդ որոշումն ընդունում ենք ի գիտություն, և ինչպես նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում: Եվ ես վաղը ժամը 12-ին հրավիրում եմ Կարեն Կարապեյանին «Մարիոթ» հյուրանոց՝ շարունակելու բանակցությունները մեր օրակարգով, բայց մենք ունենք մեկ պայման՝ ինչպես և Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ի հետ փակ դռների հետևում չեն բանակցելու, այլ ժողովրդի աչքի առաջ: