Այսօր Երևանում «FMD K&L Europe» ընկերությունը՝ կենսատեխնոլոգիական, դեղագործական, ֆինանսական, ՏՏ և այլ ոլորտների համաշխարհային առաջատար գործիչների, օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ բացել է տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը։

Նշենք, որ «FMD K&L Europe»-ը չին-ամերիկյան անդրազգային ընկերություն է, Հայաստանում գործում է արդեն 3 տարի, որի ընթացքում մոտ 4 միլիոն դոլարի ներդրումներ է իրականացրել։ 2018թ․-ին ընկերությունը նախատեսում է ևս 3 միլիոն դոլարի ներդրումներ կատարել, աշխատատեղերի քանակը՝ 170-ից հասցնել 250-ի, իսկ հետագայում՝ մինչև 500-ի։ Բիոտեխնոլոգիական պարկում ընկերությունը կհամագործակցի միջազգային դեղագործական խոշորագույն ընկերությունների հետ։

«Շատ այլ երկրների համեմատությամբ Հայաստանը կարևոր առավելություններ ունի. առաջինը՝ կրթված մասնագետներ, բժշկական բուհեր։ Երկրորդ՝ Հայաստանում ներդրումներ անելը շահավետ է նաև ծախսերի տեսակետից, ինչը բարձրացնում է մրցունակությունը։ Եվ վերջապես, Հայաստանի աշխարհագրական դիրքի շնորհիվ կապահովվի մուտքը դեպի ԱՊՀ մյուս երկրներ»,- նշել է «FMD K&L» գլոբալ ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահ Դան Ջանգը։

«Այս օրերին Հայաստանում է նաև “FMD K&L” կորպորացիայի համաշխարհային ցանցի ղեկավար անձնակազմը։ Նրանք Հայաստանում են անցկացրել ընկերության հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։ Դա մեր երկրի ներդրումային ու գործարար միջավայրի վարկանիշի համար արդեն որոշակի գնահատական է»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը։

Տեխնոլոգիական պարկում «Շտիգեն» ընկերության կողմից տեղադրվել է հիբրիդային արևային էլեկտրակայան, որը խնայողությունից, շրջակա միջավայրի պաշտպանությունից բացի, ապահովում է անխափան աշխատանքը նույնիսկ հոսանքի անջատման դեպքում։