Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը խոսեց վերջին ժամանակներս Հայաստանում առկա ակտիվության մասին․

«Այն, ինչ այս օրերին տեղի ունեցավ Հայաստանում, կմնա ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային պատմության և քաղաքագիտական մտքի մեջ։ Առաջիկայում բազմաթիվ համալսարանների քաղաքագիտության և համաշխարհային պատմության դասընթացներում այս զարգացումները հաստատ քննարկվելու են»։ Փոխանցում է 168.am-ը։

Նա նկատեց, որ վերջին 15-20 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել այնքան, ինչքան Հայաստանի բոլոր պաշտոնյաները՝ միասին վերցրած, չեն ասել.

«Մարդը ներողություն է խնդրում, որ ճանապարհ է փակել, հասկանում է, որ աշխատանքից ուշանում ենք, բայց նշում է, որ շատ ավելի կարևոր բանի համար է պայքարում։ Շարժումը շատ անկեղծ էր, մարդն ինչ անում էր, հավատալով էր անում։ Ես նայում էի մեկ-երկու ամիս առաջ տված նրա հարցազրույցները, նա շատ համոզված էր, դա շատ հետաքրքիր ցուցանիշ է։ Ինչ-որ մի բան, եթե իրականություն դառնա, դու պետք է անկեղծ հավատաս, ոչ թե կասկածներ ունենաս, ինչ-որ գործարքների պատրաստ լինես»։

Խաչատրյանի խոսքով՝ թեև երիտասարդները տաքարյուն են, պատրաստ են ծայրահեղ քայլերի, բայց այս շարժման ժամանակ ինքնակազմակերպման ֆանտաստիկ բարձր մակարդակ ցույց տվեցին.

«Հիմա մի քիչ տաք ենք, բայց այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ Նիկոլի առաջնորդությամբ, ֆանտաստիկայի ժանրից էր. Հարյուր-հազարավոր մարդիկ, մեծ մասը՝ երիտասարդներ, ու այսքան խաղաղ, այսքան համերաշխ։ Իհարկե, շատ մեծ դեր կատարեց նաև ինտերնետը, որովհետև սադրիչների փորձեր եղան` ինչ-որ բաներ ջարդելու, փշրելու, բայց երիտասարդներն ինտերնետ օգտագործելով՝ շատ արագ արձագանքում էին։ Նիկոլն ու իր թիմակիցները կարողացան ապացուցել, որ բռնությունը բերում է հակառակ ռեակցիա, նաև ինձ շատ է դուր գալիս այն, որ Նիկոլը միշտ առջևից է գնում, առաջին շարքում է։ Դա շատ հետաքրքիր էր, որովհետև մեր երիտասարդությունը կարոտ էր անկեղծ առաջնորդների․ մարդ ոչ թե մի բան ասում, մի ուրիշ բան անում է, այլ մարդ, որն ասում է և իր ասածն անում է»։

«Նախկինում մարդկանց հավաքում էին Ազատության հրապարակում, ճառեր էին հնչում, հետո մի երթ էր լինում, ու վերջ։ Սա ես կանվանեմ ուսուցման ավանդական մեթոդ, երբ դասախոսը խոսում է, լսարանն անշարժ նստած է։ Հիմա, եթե Նիկոլը կիրառեր այս նույն մեթոդաբանությունը, շարժումն անմիջապես կցրվեր։ Նիկոլը կրթական նոր մոտեցում կիրառեց, որը մենք կոչում ենք ինտերակտիվ, նախագծային մեթոդ, երբ դու ինչ-որ կարճ դասախոսություն ես կարդում, հետո ասում ես՝ դասախոսությունը վերջացավ, հիմա գնում ենք կիրառելու։ Հենց սա մոբիլիզացրեց երիտասարդությանը, որովհետև երիտասարդությունն էլ այսօր չի սիրում՝ նստի ու լսի հարթակից հնչող ճառեր։ Նիկոլը մարդկանց մղեց գործողությունների՝ այդ ճառային մասը հնարավորինս փոքրացնելով։ Հենց այստեղ երիտասարդության ցանկություններն ու գործելաոճը համընկան Նիկոլի մոտեցումների հետ»։

Անդրադառնալով «Իմ քայլը» շարժմանը, Խաչատրյանն ասաց, որ քայլելը գիտնականների կողմից ապացուցված միակ անվիճելի առողջարար բանն է՝ ոչ միայն ֆիզիկական առողջության, այլ նաև մտածելու համար։