ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին հայտնում է Աժ մամուլի ծառայությունը։

Նրանք անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ՀՀ վարչապետի առաջիկա ընտրությանը: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը կաևորում է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և խոսքի ազատության դերը երկրի զարգացման գործում: Նա նաև տեղեկացրել է, որ մայիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովում կանցկացվի ՀՀ վարչապետի ընտրություն՝ ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Ժոնաթան Լաքոտը կարևորել է խաղաղ ցույցերի անցկացման հնարավորությունը Հանրապետությունում և այդ օրերին ուժային կառույցների, ինչպես նաև ցույցի մասնակիցների պահվածքը: Դեսպանը հույս է հայտնել, որ գործընթացները կընթանան խորհրդարանի և այլ ժողովրդավարական ինստիտուտների շրջանակներում:

Հանդիպման մասնակիցները երկուստեք հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի ընտրությունից հետո երկրում իրավիճակը կվերադառնա իր բնականոն հունին: