Ազգային ժողովի այսօրվա նիստի անակնկալը ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանի ելույթն էր, որով նա հակադրվեց կուսակցության որոշմանը՝ հայտարարելով, որ չի կարող կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, չի մասնակցելու քվեարկությանը և պատրաստ է վաղաժամ վայր դնել մանդատը։

ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից խորհրդարանում ելույթ ունեցավ Արմեն Ռուստամյանը՝ հայտարարելով, որ իրենց համար անակնկալ էր Աղվան Վարդանյանի ելույթը և իրենց կուսակցությունում դա քննարկման առարկա կդառնա։ Իսկ ընդամենը օրեր առաջ ՀՀԿ-ի հետ Ծաղկաձորում Սերժ Սարգսյանի ընտրությունը նշող ՀՅԴ-ն որոշել է և միաձայն կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանին։

Արմեն Ռուստամյանի ելույթից ընդամենը րոպեներ անց ՀՅԴ Գերագույն մարմինը հաղորդագրություն տարածեց․

«ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը: Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը»: