Ավարտվեց Ազգային Ժողովում ընթացող վարչապետի ընտրությունը։ Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ:

Իշխող Հանրապետական խմբակցությունից ընդամենը մեկ պատգամավոր կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին՝ Շիրակի նախկին մարզպետ, անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանը:

Քվեարկությունից հետո «Ազատությունը» Ցոլակյանին հարցրեց՝ ո՞րն էր իր կայացրած նման որոշման պատճառը:

«Խիղճ և խաղաղություն», - պատասխանեց պատգամավորը:

Հանրապետական խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Գրիգոր Ավալյանը, բացակա էր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։ Ավալյանը, ըստ Ազգային ժողովի կայքի, 2004-2007թթ եղել է «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ, 2007-2017թթ.՝ ֆինանսական տնօրենը: «Գրանդ հոլդինգը», հիշեցնենք, հայտարարել էր համաժողովրդական շարժմանը միանալու մասին:

«Ծառուկյան» դաշինքը և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ սատարելու են ՀՀ վարչապետի «Ելք» խմբակցության թեկնածուին: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն (ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հայտարարեց չքվեարկելու մասին): Ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն ունի 58 մանդատ: