ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է 2015թ․-ին միջազգային համայնքի և Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին: Այս մասին տեղեկությունը փոխանցում է «Ազատություն»-ը։

Թրամփը «խիստ անհաջող» է անվանել նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք կնքված պայմանագիրը, նշելով, որ այն Թեհրանին ընձեռել է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու հնարավորություն:

«Այդ պայմանագիրն ինձ համար ամոթալի էր», - ասել է Թրամփը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, թե ԱՄՆ-ը ապացուցեց, որ չի հարգում ստանձնած միջազգային պարտավորությունները:

«Ես Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանն արդեն կարգադրել եմ հարկ եղած դեպքում արդյունաբերական մակարդակով վերսկսել ուրանի հարստացումը», - ասել է Ռոհանին:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտնել են, որ շարունակելու են մասնակցել պայմանագրի իրագործմանը: Եվրոպական մի շարք երկրներ, ինչպես նաև Ռուսաստանը քննադատել են Դոնալդ Թրամփի այսօրվա որոշումը: ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պայմանագրի չեղարկումը «կոպիտ սխալ» է անվանել: