Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշեց․

«Այսօր կարող ենք ասել, որ այսօր նոր հանրապետության առաջին օրն է, և այս օրը հաղթական է։

Այսօր մենք ունենք նոր վարչապետ, երիտասարդները, ժողովրդի մեծ մասը հույսեր ունեն, որ վաղն ավելի լավ է լինելու, քան՝ երեկ»: Փոխանցում է

Հարցին՝ Դուք այդ հույսն ունե՞ք՝ ՀՀ նախագահն այսպես պատասխանեց.

«Եթե այդ հույսը չունենայի, այստեղ չէի լինի»։

Լրագրողի ճշտող հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանն այդ հույսերը կարդարացնի՞՝ Ա. Սարգսյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, ես իր հետ շատ գործնական և հարգալից հարաբերություններ ունեմ, և իմ ներդրումն անպայման պետք է ունենամ, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի, հակառակ դեպքում՝ անիմաստ է այս ամբողջ շարժումը, հակառակ դեպքում՝ անիմաստ կլինեն այն բոլոր հույսերը, որ ժողովուրդն ունի ապագայի հանդեպ: Այնպես որ, հույս ունեմ, որ վաղն, իսկապես, ավելի լավ է լինելու և կառավարությունն իրեն արդարացնելու է»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք գնահատում այն, որ Դուք առաջադրվեցիք մի անձի կողմից, ում ամբողջ հասարակությունը մերժեց:

Ի պատասխան՝ Ա. Սարգսյանն ասաց.

«Ես առաջադրվել եմ ՀՀ երրորդ նախագահի կողմից, կարող էի առաջադրվել մյուսների կողմից, եթե կարողանային առաջադրել: Իմ խնդիրը նա չէ, թե ով է ինձ առաջադրել, այլ՝ այն, որ ես պատրաստ եմ և ծառայում եմ իմ երկրին: Նույն ԱԺ-ն, որ ընտրել է ինձ, ընտրել է նաև պարոն Փաշինյանին: Այնպես որ, խնդիրն այն չէ, թե ով առաջադրեց, ով ընտրեց, այլ՝ կարողանալու ենք արդյո՞ք բոլորս միասին մեր երկիրը դարձնել այն երկիրը, որ բոլորս երազել ենք»: