Շաբաթ օրը տասնյակ հազարավոր մարդիկ Լոնդոնում մասնակցել են Մեծ Բրիտանիայի արհմիությունների կոնգրեսի կողմից կազմակերպված ցույցին, որպեսզի հայտարարեն նվազագույն աշխատավարձի բարձրացման անհրաժեշտության մասին: Ակցիայի կազմակերպիչն է Բրիտանական արհմիությունների կոնգրեսը (TUC):

Ցուցարարներին միացել է Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը, ով խոստացել է, որ իշխանության գալու դեպքում առանձին նախարարություն է ստեղծելու, որը կերաշխավորի աշխատողների իրավունքների իրագործումը:

TUC-ի տվյալներով՝ 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո բրիտանական աշխատողի միջին շաբաթական աշխատավարձը այժմ 24 ֆունտով քիչ է (32.5 դոլար), քան 10 տարի առաջ և ըստ կանխատեսումների, մինչև 2025թ․ չի վերադառնա նախաճգնաժամային մակարդակին: Աշխատավարձի աճի այս դինամիկան վատագույնն է համարվում Բրիտանիայում վերջին 200 տարվա ընթացքում, նշել է Բրիտանական արհմիությունների կոնգրեսը: