«Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվել է «Շահումյան. Մարտականչը «Եղնիկներ»» փաստավավերագրական ֆիլմը (տեսանյութ)
Ապրիլի 13-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը «Շահեն Մեղրյան» բարեգործական հիմնադրամի հետ միասին հանրությանն է ներկայացրել համատեղ ջանքերով նկարահանված «Շահումյան. Մարտականչը «Եղնիկներ»» փաստավավերագրական ֆիլմը:
Լայնամետրաժ ֆիլմը Արցախի Շահումյան շրջանի բնակիչների, ինքնապաշտպանական ջոկատների անդամների, ծանր ժամանակաշրջանի ականատեսների հիշողություններով ներկայացնում է 1992թ․-ին Շահումյանի անկման, բնակիչների տարհանման պատմությունը, նրանց անցած ճանապարհը, հայրենի հողի հանդեպ կարոտը, ինչպես նաև նվիրյալ հերոսներին:
Ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2017թ. գարնանը։ Ֆիլմն ամբողջությամբ պատրաստ է եղել արդեն այս տարվա հունվարի վերջին։ Ֆիլմը պատրաստել են Նաիրա Նադրյանը, Հրաչյա Դեմիրճյանը, Արման Ղարաջյանը, Զինավոր Մեղրյանը՝ «Շահեն Մեղրյան» բարեգործական հիմնադրամի տնօրենը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ով հանդիսանում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար։ Ստեղծագործական թիմը խորհրդատվության համար հատուկ շնորհակալություն է հայտնում «Եղնիկներ» ջոկատի անդամ Կամո Հարությունյանին (Թոքի Կամո)։
«Շահումյան. Մարտականչը «Եղնիկներ»» ֆիլմը խոսուն վկայություն է Շահումյանի դեպքերի մասին, որը միանշանակ հետապնդում է հանրության առավել լայն զանգվածի, այդ թվում՝ նաև միջազգային հանրության ուշադրությունը այս հարցին սևեռելու նպատակ: Ֆիլմի հեղինակները նշում են, որ այն կթարգմանվի նաև ռուսերեն, իսկ հետագայում՝ նաև անգլերեն: Ստեղծագործական թիմն իր առջև խնդիր է դրել հասնել նրան, որ Շահումյանի հարցը հնարավորինս տարածվի և դառնա հետազոտողների, քաղաքական գործիչների ու լրատվամիջոցների ամենօրյա զբաղմունքներից մեկը։
Ներկայացնում ենք «Շահումյան. Մարտականչը «Եղնիկներ»» փաստավավերագրական ֆիլմը։