Մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։

Նշենք, որ Սիմոնյանը նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է։ Նա ասում է, որ ինքը ցանկանում է պահպանել ավագանու մանդատը։

«Օրենքով սահմանված կարգով, այն պարագայում, երբ որևէ անձ, ավագանու անդամ լինելով, ընտրվել է պատգամավոր, հնարավորություն է ստանում 7 օրում ընտրել մանդատներից որևէ մեկը», - ասաց Սիմոնյանը, ով այսօր առաջին անգամ էր որպես պատգամավոր մասնակցում ԱԺ նիստին։

Իր որոշման մասին Սիմոնյանը նաև տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.

«Հավաստում եմ, որ հրաժարվելով ԱԺ պատգամավորի մանդատից՝ պահպանում եմ Երևան քաղաքի ավագանու անդամի մանդատը», - նշված է քաղաքապետին հասցեագրված տեղեկանքում: