Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը երեկ միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի անկախության։ Այս մասին հաղորդում է Արցախի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Բանաձևում քաղաքային խորհուրդը կոչ է արել կենտրոնական կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի ու նրա քաղաքացիների հետ», - ասված է հաղորդագրությունում:

Այս տարի լրանում է Արցախի ազատագրական շարժման 30-ամյակը, ինչը «հանգեցրեց 1991թ․-ին Արցախի (նախկինում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անկախության հռչակմանը», Ռայդի քաղաքային խորհուրդը իր բանաձևում «հաստատում է մարդու ինքնորոշման հիմնական իրավունքի և ազատ ու ժողովրդավարական հասարակության կարևորությունը, ճանաչում է բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ընդգծում է Արցախի շարունակական ջանքերը՝ ուղղված օրինական խորհրդարանական ընտրությունների միջոցով ազատ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ու պատասխանատու կառավարության կազմավորմանը, <...> խրախուսում է Արցախի Հանրապետության հետ խաղաղ հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև Արցախի ժողովրդին մարդասիրական և տնտեսական աջակցության տրամադրումը»:

Նշենք, որ Ռայդ քաղաքը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում է, Սիդնեյի հյուսիսային արվարձաններից մեկն է, քաղաքապետը Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Ջերոմ Լեքսեյլն է: