Առողջապահության նախարարությունը շրջանառության է ուղարկել դեղերի դեղատոմսերով դուրս գրման որոշման մասնակի հետաձգման նախագիծը, որով փաստացի մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը կհետաձգվի դեղերի դեղատոմսերով դուրս գրումը։ Այդ մասին ուղիղ եթերում նշել է առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը։ Փոխանցում է news.am-ը։

Հետաձգումը, սակայն, չի տարածվելու անտիբիոտիկների վրա։

«Մենք այդ մասով ավելի զգույշ պիտի լինենք և դրանց չարաշահումը կասեցնենք թեկուզ թերի գործող կառավարության նախագծով։ Հուսքով ենք՝ բժշկական անձնակազմը եւ քաղաքացիները ըմբռնումով կմոտենան», - ասել է նախարարնո ւ հավելել. «Իսկ մյուս դեղերի մասով լայն քննարկումներ կանեն, որ կբերեն այնպիսի կարգավորման, որ բոլորի ընդունելի լինի»։

Նա նաև նշել է, թե դեղերի մասով շատ այլ հարցերով են զբաղվում՝ սկսած զուգահեռ ներկրումներից, ԱԱՀ-ից ազատելու հնարավորությունից։

Նախարարը, իր խոսքով, մի լավ լուր էլ բուժաշխատողների համար հայտնեց։

«Այսօր քննարկումներից հետո եկանք եզրահանգման, կլինիկական մասով էլեկտրոնային առողջապահության ներդրումը հետաձգում են։ Այն որ հունիսի 1-ից պետք է բոլոր պացիենտների տվյալները ներգրավեին համակարգ, հետաձգվում է։ Նախ դա լոգիստիկ առումով ֆիզիկապես հնարավոր չէր լինելու, բացի այդ ունեինք օրենսդրական բաց», - ասել է նա և հավելել, թե այս ժամանակահատվածն օգտագործելու են խնդիրները վերանայելու և շտկելու համար, «քանի որ այդ համակարգը պետք է մեր երկրին, բայց ներդրման մասով խնդիրներ ունենք լուծելու»։