Ձերբակալվել է ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օգնական՝ Անդրանիկ Իսոյանը
Երևանի Կ.Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների գործով մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, նաև հավելում.
«Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է կասկածյալներից մեկի ինքնությունը, ով ձերբակալվել է։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևանի բնակիչ Ա.Իսոյանն է, ծնված՝ 1988թ.։ Վերջինս ձերբակալվել է՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով»։ Փոխանցում է armtimes-ը։
Նշենք, որ Իսոյանը ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է՝ Անդրանիկ Իսոյանը։