Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում մեկնարկեցին Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք կազմակերպվել էին այդ երկու քաղաքների հայ համայնքային ավանդական կազմակերպություններն ու կուսակցությունները:

Միջոցառումների ընթացքում ելույթներով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը: Դեսպան Մարտիրոսյանն իր ելույթում անդրադարձավ Առաջին Հանրապետության ձևավորմանը` ընդգծելով, որ այդ իրադարձությունն ամբողջ հայության համար մի բացառիկ երևույթ էր, որին հայ ազգը սպասել ու որի մասին երազել էր մի քանի հարյուր տարի:

«Հարյուր տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը և աշխարհի քարտեզում իր ուրույն տեղը զբաղեցրեց հայոց պետությունը», - նշեց ՀՀ դեսպանը, փոխանցում է galatv-ն։

Միջոցառումների շրջանակներում բանախոսությամբ հանդես եկավ նաև ՀՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով իր ելույթում ներկայացրեց Առաջին Հանրապետության ստեղծման և գործունեության պատմությունը ու դերը ժամանակակից հայոց պետականության կառուցման գործում: