Այսօր՝ մայիսի 23-ին, ԻՏՁՄ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է․

«Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է և այդ գործընթացը կշարունակվի:

Ես ուզում եմ հստակ արձանագրել մի բան, որ չի կարելի բռնության սպառնալիքներով, բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ և հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք՝ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, այդ քաղաքական իրադրության փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որ մենք կարողանանք սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանությունը շարունակել մինչև վերջ», - հայտարարեց Փաշինյանը:

Դիտարկմանը, թե «Սասնա ծռերը» նամակ են գրել վարչապետին, որտեղ նշել են, թե նա ձեռքերը լվացել է իրենց գործից, Փաշինյանն ասաց.

«Պետք է հասկանալ, ինչ ասել է ձեռքերը լվանալ։ Եթե խոսքն այն մասին է, որ ես ասել եմ՝ չեմ պատրաստվում դատավորներին հրահանգ տալ, ես հաստատում եմ իմ դիրքորոշումը, որովհետև որևէ նպատակով դատավորներին հրահանգ տալու գործընթաց սկսելը նշանակում է սկսել սերժսարգսյանացման գործընթաց։ Ես այդպիսի գործընթացի մեջ ինքս ինձ չեմ դնի, որովհետև հակառակ դեպքում եթե մենք դատարանին մեկ անգամ հրահանգ տանք, դատարանը այլևս երբեք առանց մեր հրահանգի չի աշխատի»:

ՀՀ վարչապետը նշեց, որ իրենք շատ են կարևորում անկախ դատական համակարգի կայացումը Հայաստանում.

«Դրա համար տեսնում ենք երկու գործնական անելիք՝ առաջինը՝ որպեսզի դատավորներին իշխանական կաբինետներից և որևէ տեղից ապօրինի հրահանգներ չտրվեն, երկրորդը ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով դատավճիռ չկայացնի: Այս սահմաններում յուրաքանչյուր դատավոր, ով ինքը մտածել է, որ կարող է լինել և աշխատել դատավոր, պարտավոր է իր իրավասությունների շրջանակներում, իր գործի շրջանակներում կայացնել որոշումներ, վճիռներ, դատավճիռներ: Ահա այս քաղաքական պայմանն ապահովված է և դատավորները պետք է գործեն օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակում»: