2018թ․-ի մայիսի 23-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց համագործակցության հուշագիր մշակույթի նախարարության և Կարենիս համայնքի միջև՝ մարզի վարչական տարածքում տեղակայված 5-րդ դարի Սրբոց Առաքելոց եկեղեցական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման վերաբերյալ:
Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և Կարենիս համայնքի վարչական ղեկավար Արմեն Բաղդասարյանը:

«Մշակույթի նախարարության և Կարենիս համայնքի միջև՝ մարզի վարչական տարածքում տեղակայված 5-րդ դարի Սրբոց Առաքելոց եկեղեցական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացմանն ուղղված այս համագործակցության հուշագիրը պետություն-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: Պետք է նշեմ, որ մշակույթի նախարարությունը պետության և մասնավոր ներդրողների համագործակցության շրջանակում իրականացրել է նաև Լոռու մարզի Օձունի Սբ Աստվածածին եկեղեցու, Տավուշի մարզի Վարագավանքի, Կոտայքի մարզի Սոլակի Մայրավանք վանական համալիրի վերականգնման աշխատանքները: Այս նույն համատեքստում շահագրգռված լինելով հուշարձանների վերարժևորմամբ և դրանով իսկ համագործակցության շղթայական շարունակությամբ` Սրբոց Առաքելոց եկեղեցու վերականգնմամբ ևս մեկ հուշարձան կհավերժացնի հայ պատմամշակութային ժառանգությունը», - նշել է մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Նախարարի տեղակալը հավելեց նաև, որ ըստ հուշագրի՝ նախարարությունը պետական բյուջեի հատկացումների հաշվին կտրամադրի հուշարձանի ամրակայման ու վերականգնման համաձայնեցված և հաստատված նախագիծը, ինչպես նաև աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական և գիտագործնական աջակցություն: