Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին:

Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ կլինի աշնանը Երևանում ընդունել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով մեր երկիր է ժամանելու պետական այցով և մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:

«Վստահ եմ, որ մեր երկրների երկխոսությունը, այդ թվում՝ կառավարությունների, խորհրդարանների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, կպահպանվի նույն ինտենսիվությամբ: Ֆրանսիական բիզնեսի ներգրավվածությունը մեր երկրում ցանկալի մակարդակի չէ: Այսօր կան բոլոր նախադրյալներն ու պայմանները՝ առևտրատնտեսական կապերը քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու համար», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն իր երախտագիտությունն է հղել Ֆրանսիային՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստելու համար: Վարչապետը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ կառուցողական մթնոլորտում շարունակելու բանակցային գործընթացը:

Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ․

«Հայ-ֆրանսիական բարեկամությունն ունի դարերի պատմություն: Ֆրանսիան պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին, մեր երկիրը միշտ կլինի ձեր կողքին և այդ մասին Էմանուել Մակրոնը անձամբ կհաստատի՝ Հայաստան այցի ընթացքում»:

Ժան-Իվ Լը Դրիանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումը նոր թափ կհաղորդի երկու երկրների տնտեսական փոխգործակցությանը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ նա ընդգծել է, որ Ֆրանսիան գիտակցում է այդ հարցում իր պատասխանատվության աստիճանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով և ավելացրել, որ որևէ բռնություն կամ ուժի կիրառում չի կարող դիտարկվել որպես հակամարտության կարգավորման հնարավորություն: