ՀՀ շախմատի հավաքականի անդամ, Գրոսմայստերական դպրոցի հիմնադիր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ոսկի է նվաճել UAE Ramadan Blitz 2018 կայծակնային շախմատի մրցաշարում:

Հիշեցնենք, որ շախմատի կայծակնային մրցաշարը անց է կացվել մայիսի 31-ին ԱՄԷ-ում, որին մասնակցել են տարբեր երկրների 136 շախմատիստներ: Մրցաշարի մասնակից 5 գրոսմայստերների թվում էր նաև Գաբրիել Սարգսյանը:

Մրցաշարն անցկացվել է կայծակնային շախմատի կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր մասնակցին հատկացվել է 3 րոպե խաղաժամանակ՝ ամեն քայլին 2 վայրկյան հավելումով՝ սկսած 1-ին քայլից:

Գաբրիել Սարգսյանը 9 խաղափուլերից 8-ում հաղթանակներ է տոնել, կրել ընդամենը 1 պարտություն և ԱՄԷ ներկայացուցիչ, գրոսմայստեր Սալեմ Սալեհի հետ վաստակել 8 միավոր: Մրցաշարի չեմպիոնին որոշելու համար հաշվարկվել են լրացուցիչ ցուցանիշները: Քանի որ 6-րդ խաղափուլում Գաբրիել Սարգսյանը հաղթել էր Սալեմ Սալեհին, ոսկին բաժին հասավ Սարգսյանին:

Սա Գաբրիել Սարգսյանի արդեն 2-րդ անընդմեջ ոսկե մեդալն է: Նշենք, որ մայիսի 25-ին Շարժայում անցկացված շախմատի միջազգային 23-րդ կայծակնային մրցաշարում Գաբրիել Սարգսյանը ոսկե մեդալ էր նվաճել, հայտնում է Գրոսմայստերական դպրոցի մամուլի ծառայությունը: