Վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում է գտել GetContact անունով հավելվածը։ Առաջին հայացքից այն անվնաս և օգտակար ծրագիր է, որը թույլ է տալիս իդենտիֆիկացնել զանգահարողին, եթե անգամ տվյալ կոնտակտը ձեր հեռախոսում չկա։

Սակայն օգտատերերին գրավում է այս հավելվածի մեկ այլ հնարավորություն. այն թույլ է տալիս տեսնել, թե օգտատիրոջ բջջային հեռախոսահամարը այլ մարդկանց մոտ ինչ անուններով է գրանցվել։

Սակայն սրա պատճառով հնարավոր է դառնում համարի նույնականացումը, ինչը արդեն ռիսկեր է պարունակում։ ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սրա հետ կապված հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հավելվածը հեռախոսահամարների բազան ավելացնում է գրանցվող մասնակիցների շնորհիվ, քանի որ յուրաքանչյուր գրանցվող թույլ է տալիս օգտագործել իր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները։

«Այսինքն, հավելվածը ներբեռնելով ձեր հեռախոսի հասցեագրքում գրանցված բոլոր անձանց տվյալները հասանելի են դառնում հավելվածի համար՝ վտանգելով այլ անձանց անձնական տվյալնեի պաշտպանության իրավունքը: Ուստի, խորհուրդ ենք տալիս չգրանցվել այս համակարգում, որպեսզի ձեր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները չդառնան հանրամատչելի»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ։

Սա դեռ ամենը չէ։ Այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկություններ տարածվեցին, որ GetContact-ը իրականում թուրքական ծրագիր է։ Այսինքն, բացառված չէ, որ այն փոխկապակցված է այդ երկրի հատուկ ծառայությունների հետ (կամ չի բացառվում, որ հենց իրենց պրոդուկտն է)։ Գրանցվելով հակամարգում՝ օգտագործողը փաստորեն ինքնակամ անհայտ անձանց է տրամադրում իր հեռախոսում գրանցված բոլոր համարները և այլ մանրամասներ։

Եթե արդեն ներբեռնել ու գրանցվել եք, ապա GetContact-ի բազայից հնարավոր է հեռացել հեռախոսահամարը, ինչը անելու համար պետք է մտնել այս հղումով ՝ https://www.getcontact.com/en/unlist ու ջնջել այն։