Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրային ֆոնդի 25 տոկոսը թվայնացված է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:

«Թվում է քիչ տոկոս է, սակայն դրա հետևում մեծ ծավալի աշխատանք կա: Թվայնացման գործընթացն ամեն տարի շարունակվում է: Ասեմ, որ թվայնացումն անմիջական կապի մեջ է վերականգնման աշխատանքների հետ: Վերանագնումից հետո նոր ձեռագիրն ուղարկվում է թվայնացման»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:

Մատենադարանն ընթացիկ տարում Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ ձեռք է բերել նոր սարք, որը հնարավորություն կտա թվայնացնել միկրոժապավենները:

«Մինչ նոր տեխնոլոգիաները, օգտագործում էինք միկրոֆիլմեր, այսինքն` ձեռագիրը լուսանկարվում էր, և հատուկ սարքի միջոցով ժապավենի պարունակությունն ընթերցվում էր: Այդ սարքը դանդաղ էր աշխատում, բացի դա, տեսողությունն էր վնասում: Այսօր ձեռք ենք բերել սարք, որը ցանկացած միկրոժապավեն թվայնացնում է և համակարգչով հանգիստ կարող ենք ընթերցել ժապավենի պարունակությունը»,-ավելացրեց Վահան Տեր-Ղևոնդյանը:

Նրա տեղեկացմամբ, հաջորդ տարի գերմանացի գործընկերները նվիրաբերելու են սարքավորում, որը հնարավորություն կտա ընթերցել մագաղաթի վրա նախկինում եղած ձեռագրերը: Միջնադարում մագաղաթը թանկ էր, գրված ձեռագրից անցնում էր 100-200 տարի, հետո երբ նոր գիրք գրելու անհրաժեշտություն էր առաջանում, եղածը ջնջվում էր, դրա վրա նորը գրվում:

«Այդ ջնջված գրությունն անզեն աչքով չի երևում, սակայն փոսիկները մնում են, ահա այս սարքը հնարավորություն կտա դրանք նույնպես ընթերցել, և չի բացառվում, որ նոր հետաքրքիր տեղեկություններ բացահայտվեն: Մենք Մատենադարանում մի քանի տասնյակ կրկնագրեր ունենք»,-ասաց նա: