Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները գաղտնալսում են իրենց հեռախոսները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Քըլըչդարօղլուն հայտարարել է նաև, որ իշխանությունները Պաղեստինի դեպքերի հետ կապված նախապատրաստվող հանրահավաքի պատճառով գաղտնալսել են նաև Թուրքիայում գործող Saadet կուսակցության ներկայացուցիչների հեռախոսները:

«Այսօր, եթե մարդիկ անհանգստանում են նույնիսկ հեռախոսով խոսելիս, դա վկայում է այս երկրում ժողովրդավարության բացակայության մասին: Իմ կուսակցության նախագահ դառնալուց ի վեր և՛ իմ, և՛ կուսակցության մյուս ղեկավարների հեռախոսները գաղտնալսվում են: Գաղտնալսված տեղեկատվությունը փոխանցվում է մի մարդու (նախագահ Էրդողանին): Նույնիսկ մի անգամ Էրդողանն ինձ ասել է, որ իրենք հետևում են անգամ, թե ինչպես եմ ես շնչում», - հայտարարել է Քըլըչդարօղլուն:

Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը նշել է․

«Թուրքիան դարձել է հետախուզական մի երկիր: Դարձել է մի երկիր, որտեղ հետախուզական կազմակերպությունները աշխատում են Էրդողանի համար: Մենք թշնամի չենք, որ մեզ հետևում եք: Սա իրականում որոշակի հիվանդություն է: Պետությունը չղեկավարելու և սեփական ապագայի համար անհանգստանալու մի հիվանդություն է»: