ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է․

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով հունիսի 6-7-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա»: Փոխանցում է «Արմենպրես»-ը։

Նրա խոսքով` Ռուսաստանի գործընկերոջ հետ բանակցություններից և ասուլիսից զատ, Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ: Նախատեսվում է նաև նախարարի հարցազրույցը ռուսական հեղինակավոր լրատվամիջոցներից մեկին:

«Հունիսի 11-ին նախարար Մնացականյանը Ալմաթիում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին», - ասաց Բալայանը:

Հունիսի 18-19-ը Հայաստան կայցելի Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը:

«Ծրագրվում են հանդիպումներ Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ», - հավելեց նա: