Այս տարի բուհեր դիմել է ընդամենը 4626 շրջանավարտ՝ նախորդ տարվա 12 000-ի համեմատ
Հայաստանյան բուհեր այս տարի դիմել է ընդամենը 4626 շրջանավարտ՝ նախորդ տարվա 12 000-ի համեմատ: Բուհերից հավաստիացրին՝ չնայած նման ցածր ցուցանիշին՝ գրեթե չկան ֆակուլտետներ, որոնց համար դիմումներ ընդհանրապես չլինեն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում թե՛ Գնահատման և թեստավորման կենտրոնի, թե՛ բուհերի մասնագետները դիմորդների նման ցածր քանակը պայմանավորեցին 12-ամյա կրթական համակարգով:
«Ունենք 4626 դիմորդ: Դասարանները քիչ թվով աշակերտներ ունեին: Այս տարվա շրջանավարտներն առաջինն էին, ովքեր ավարտում էին 12 տարի սովորելով», - դիմորդների թվի կրճատումն այսպես հիմնավորեց ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը:
ԵՊՀ ընդունելության առաջին փուլում դիմել է 1519 դիմորդ: Նախորդ տարի բակալավրիատի ընդունելության առաջին փուլում ԵՊՀ էր դիմել 2632 դիմորդ՝ 1113-ով ավելի այս տարվա դիմորդների թվից:
«Ըստ դիմորդների անվճար առաջին հայտերի՝ ԵՊՀ-ն այս տարի ամենաշատ դիմորդներ ունի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Տեղեկատվական անվտանգություն», «Իրավագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Սերվիս», «Հանրային կառավարում», «Լրագրություն», «Կառավարում», «Ֆինանսներ» մասնագիտությունների համար: Քիչ դիմորդներ ունեն «Քիմիա», «Սննդի անվտանգություն», «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա», «Երկրաբանություն», «Կենսաբանություն», «Կենսաքիմիա», «Աստվածաբանություն», «Եկեղեցաբանություն» մասնագիտությունները», - ասաց ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ու հավելեց, թե այս տարի ԵՊՀ-ում չկա ֆակուլտետ, որ ընդհանրապես դիմորդ չունենա:
Այս տարի Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դիմորդների թիվը եղել է 290՝ նախորդ տարվա նույն ժամանակի դիմորդների թվից 70-ով պակաս: Ամենաշատ դիմում-հայտեր ներկայացվել են «Լեզվաբանություն», «Թարգմանչություն» մասնագիտությունների համար: Բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռուբեն Գևորգյանը նշեց՝ այս տարի թերի տարի էր:
Իսկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն առաջին փուլի համար ունեցել է 616 դիմորդ՝ նախորդ տարվա մոտ 1000-ի համեմատ: Ամենաշատ դիմորդներ կան «Բանասիրություն», «Հոգեբանություն», «Սկզբնական կրթություն» մասնագիտությունների համար: Ընդհանրապես դիմորդներ չեն եղել «Բնագիտություն», «Տիֆլոմանկավարժություն» և «Սուրդոմանկավարժություն» բաժինների համար:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դիմորդների թիվը եղել է 462՝ նախորդ տարվա 966-ի համեմատ: Այս բուհում ամենաշատը դիմել են ֆինանսական, իսկ ամենաքիչը՝ վիճակագրության ֆակուլտետների համար:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այս տարի ունի 503 դիմորդ: Ամենաշատը դիմորդներ եղել են «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության համար, ամենաքիչը՝ «Չափագիտության»՝ ընդամենը 4 դիմորդ: Առանց դիմորդի ֆակուլտետ չի մնացել:
Առաջին փուլի համար դիմում-հայտերը հայաստանյան բուհերում ընդունվել են մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Ընդունելության քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ին: