Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիան հրապարակել է այն կինոնկարների ընդարձակ ցանկը, որոնք կպայքարեն «Օսկարի» գլխավոր անվանակարգի՝ «Լավագույն ֆիլմի» համար:

Դեկտեմբերի 19-ին կինոակադեմիայի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ այս անվանակարգում արձանիկը ստանալուն կհավակնի 341 ֆիլմ։ Ակադեմիայի կանոնների համաձայն՝ թեկնածու կինոնկարը պետք է ունենա առնվազն 40 րոպե տևողություն, Լոս Անջելես քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) ցանկացած առևտրային կինոթատրոնում ցուցադրված լինի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ և վարձույթում գտնվի յոթ օրից ոչ պակաս:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակի հայցորդների թվում են ամերիկյան «Հրաշք-կինը», «Սայրի վրայով վազողը 2049» և «Կարիբյան ծովի ավազակները. մեռյալները հեթիաթներ չեն պատմում», բրիտանական «Դյունքերք» և «Քինգսման. Ոսկե մատանի» կինոնկարները:

Նաև դրանց թվում է հայտնվել սկանդալի հետ կապված «Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմը. կինոնկարի վրա աշխատանքի եզրափակիչ փուլում սեռական ոտնձգությունների մեջ մեղադրված Քևին Սփեյսիին փոխարինել է Քրիստոֆեր Փլամերը: Ամփոփիչ անվանակարգում կարող են լինել հինգից մինչև տասը կինոնկարներ, դրա արդյունքները կհայտարարվեն հաջորդ տարվա հունվարի 23-ին: Իսկ «Օսկար» մրցանակի հանձնման բուն 90-րդ արարողությունը կկայանա մարտի 4-ին Լոս Անջելեսում, հայտարարել է ՏԱՍՍ-ը: