Այսօր Հայ-բրիտանական բիզնես ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց․

«Բիզնեսը չպետք է հետաքրքրված լինի մաս կազմելու իշխանական օղակներին՝ լինի գործադիր իշխանություն, թե խորհրդարան»: Փոխանցում է news.am-ը։

Հարցին, թե արտահերթ ընտրություններից հետո ԱԺ-ում այլևս չե՞ն լինի գործարար պատգամավորներ, նա պատասխանեց.

«Նախկինում բոլորս գիտենք, որ գործարարները ցանկացել են հայտնվել խորհրդարանում, որպեսզի նաև անձնական անձեռնմխելիություն ունենան, որ նաև իրենց բիզնեսների համար որոշակի երաշխիքներ ունենան: Հիմա դրա անհրաժեշտությունը չկա: Մենք պետք է գնանք այս ճանապարհով ոչ միայն բանավոր հայտարարությունների, այլև մեզ պետք է օրենսդրական մեխանիզմներ ստեղծել, որ բիզնեսմենները հանգիստ իրենց գործով զբաղվեն և կարիք չունենան անձնապես լինել քաղաքականության մեջ: Կարծում եմ՝ մարդիկ պետք է ընտրեն՝ գնան իրենց բիզնեսը կառավարե՞ն, թե գան խորհրդարան և լինեն պատգամավոր»:

Արարատ Միրզոյանը նկատեց, որ որպես կանոն այդպիսի պատգամավորների օգտակար գործողության գործակիցը շատ ցածր է լինում, որովհետև նրանք եկել են ոչ թե օրենսդրական գործունեությամբ զբաղվելու, այլ զուտ ապահովելու իրենց բիզնեսը.

«Հիմա այդ բիզնեսը պաշտպանելու կարիքը չկա և մանդատ ստանալու համար միլիոնավոր դոլարները ծախսելու անհրաժեշտությունը վերանում է»:

Հարցին, թե նույն վերաբերմունքը լինելու է նաև Գագիկ Ծառուկյանի՞ նկատմամբ, ով սերտ քաղաքական առնչություններ ունի «Ելք»-ի հետ և նրա գլխավորած ուժը մաս է կազմում կառավարությանը, Արարատ Միրզոյանը պատասխանեց.

«Ես անուններ չտվեցի և հակված չեմ անուններ տալու: Կանոնները բոլորի համար հավասար են, և մարդիկ պետք է կողմնորոշվեն: Սա վերաբերում է ինձ, Նիկոլ Փաշինյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, բոլորին»: