«Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանը ազատ արձակվեց:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունն ու Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխեց: «Սասնա ծռերի» անդամը ստորագրությամբ ազատ արձակվեց:

Տիգրան Սարգսյանն ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ազատ արձակումն իրավիճակի փոփոխության հետ է կապված:

«Անմիջապես տուն եմ գնալու, որտեղ ինձ կինս ու երեխաներս են սպասում», - ասաց նա:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի մասով գործը: