Հունիսի 6-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը ՀՀ-ում» թեմայով ծրագրի մեկնարկային միջոցառումը:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից` Արդարադատության ակադեմիայի և ՀՀ ոստիկանության հետ համագործակցության շրջանակներում: Ծրագրի նպատակն է զարգացնել հիմնական շահառուների՝ իրավական ոլորտի մասնագետների կարողությունները կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման գործընթացում:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը, Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Բանախոսները կարևորեցին նմանատիպ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը:

Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի զարգացման հետ կապված բոլոր գործընթացները Արդարադատության ակադեմիայի համար ունեն չափազանց կարևոր նշանակություն, քանի որ անմիջականորեն առնչվում են վերջինիս ունկնդիրների գործունեությանը: Դա, մասնավորապես, վերաբերում է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման հարցերին: Այս ամենը նկատի ունենալով` պրոռեկտորը կարևորեց նմանատիպ ծրագրի իրականացումը, շնորհակալություն հայտնեց ԵԽ երևանյան գրասենյակին, փորձագետներին և մասնակիցներին՝ մաղթելով հաջող ու արդյունավետ աշխատանք:

Միջոցառմանը ներկա էին դատավորներ, դատախազներ, քննիչներ, փաստաբաններ, ինչպես նաև տարբեր գերատեսչություններից հրավիրված բազմաթիվ այլ հյուրեր, որոնց մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում՝ «Բազմագերատեսչական արդյունավետ համագործակցությունը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ, ի՞նչ է այն և ինչու՞ է անհրաժեշտ» թեմայով:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության» վերաբերյալ Եվրոպայի խորհրդի HELP առցանց ուսուցման դասընթացը հաջողությամբ ավարտած իրավական ոլորտի մասնագետների հավաստագրերի հանձնման արարողությունը: