ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում:

Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպան Կոպիրկինն իր գործունեության ժամանակահատվածում առավելագույն ջանքեր կներդնի պատմականորեն ձևավորված բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության առավել ամրապնդման ու զարգացման գործում: Նա ամենայն աջակցության պատրաստակամություն է հայտնել դեսպանի բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն երկկողմ հարաբերությունների խորացմանը:

Դեսպան Կոպիրկինը ՀՀ նախագահին փոխանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները: Նա վստահեցրել է, որ կանի հնարավորն ավելի խորացնելու և ամրապնդելու երկու երկրների ռազմավարական դաշնակցային հարաբերությունները: