Facebook սոցիալական ցանցը գործարկում է նոր գործառույթ, որի շնորհիվ ցանցի օգտատերերը կստանան ծանուցումներ, երբ ինչ-որ մեկն իրենց պատկերող լուսանկարներ է բեռնում: Դեկտեմբերի 19-ին այս մասին հայտնել է TechCrunch պորտալը։

Photo Review անվանումը կրող գործառույթի միջոցով, պորտալի տվյալներով՝ կարելի կլինի հսկել այն լուսանկարները, որոնցում ցանցի օգտատերը ներկա է, բայց նշված չէ հատուկ նշանով կամ «թեգով»: Նման լուսանկար հայտնաբերելուց հետո դրանում պատկերված մարդը կարող է իրեն նշել ինքնուրույն, խնդրել հեռացնել հրապարակումը կամ այդ պահանջով դիմել Facebook-ի տեխօժանդակության ծառայությանը: Նոր գործառույթի գործողությունը, ճշտում է պորտալը, տարածվում է միայն բաց էջերի վրա:

Առաջիկա շաբաթներին Photo Review-ն կգործարկվի այն բոլոր պետություններում, որտեղ կա Facebook, բացի Եվրոպայի երկրներից և Կանադայից, քանի որ դրանց տարածքում գործող օրենսդրությունը սոցիալական ցանցին արգելում է օգտագործել դեմքերի ճանաչման տեխնոլոգիան: