Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Արցախում սահմանում տիրող իրավիճակին, նշել է․

«Վերջին 1-1.5 ամսվա ընթացքում ադրբեջանական կողմն ակտիվացել է, ընդ որում այդ ակտիվությունը դրսևորվում է ոչ միայն առաջնագծում, այլ նաև քաղաքական և քարոզչական դաշտում: Դեռ 1-1.5 ամիս առաջ, ինչը հայտնի դարձավ ՊԲ հրապարակած տեսանյութերից, այս ակտիվության փուլը սկսվեց զինտեխնիկայի կուտակումներով ու տեղաշարժերով: Այս փուլում կարող եմ ասել, որ ադրբեջանական կողմի ակտիվությունը առաջնագծում հիմնականում դրսևորվորվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ակտիվությամբ, ակտիվ են հատկապես դրանց կազմերում գտնվող դիպուկահար խմբերը, որոնք փորձում են առաջնագծի մի քանի ուղղություններով ակտիվություն մտցնել»: Փոխանցում է news.am-ը։

Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ ադրբեջանական լրատվամիջոցներում նույնպես ակտիվություն կա և նկատվում է, որ պատերազմի նախապատրաստման քարոզչություն է իրականացվում:

«Եթե ուշադրություն դարձնենք ադրբեջանական լրատվամիջոցների բլոգոսֆերայի և սոցիալական ցանցերում իրականացվող քաղաքականությանը, նաև նկատելի են ակնհայտ պատերազմի նախապատրաստման քարոզչություն, որը բնականաբար ուղղված է ադրբեջանական հանրությանը: Դա նաև հակասում է միջնորդների կողմից բազմիցս հայտարարված այն մոտեցմանը, որ իրականում կողմերը պետք է իրենց հասարակություններին պատրաստեն խաղաղությանը, այլ ոչ թե պատերզամին, քանի որ ակնհայտ է, եթե դու գնում ես մերժողական ապակառուցողական մոտեցումներով, պատերազմի քարոզչությամբ ապա այդ պարագայում կողմերի միջև խաղաղ բանակցությունների միջոցով հարցի կարգավորման հնարավորությունը կտրուկ նվազում է», - հավելեց նա: