Մեզ անհրաժեշտ է ևս մեկ հեղափոխություն՝ ներքին
Ասում ենք ու բոլորս էլ հասկանում, որ դժգոհությունը, անհաջողությունը, տառապանքը հայ մարդու համար ճակատագիր են։ Հեղափոխության հետ հայ ազգը մտավ նոր դարաշրջան, նոր կյանք։ Մեր հազարամյակների պատմության մեջ եղել են բազմաթիվ հաղթանակներ, բայց վերջինը նմանը չուներ՝ գիտակցության, կամքի ու առողջ բանականության հաղթանակ։ Սա կարող է ապահովել բարեկեցություն, օրենքի գերակայություն և ստեղծել ուժեղ պետություն, բայց երջանիկ լինելու համար բարեկեցությունը բավարար պայման չէ։ Անհրաժեշտ է հոգեբանորեն առողջ հասարակություն և առողջ միջավայր՝ դրսևոևվելու ու զարգանալու համար։ Մեզ անհրաժեշտ է ևս մեկ հեղափոխություն՝ ներքին, ձերբազատվելու նախանձից, չարությունից, ստախոսւթյունից, քծնանքից ու բազմաթիվ արատավոր այլ երևույթներից։ Նշված երևույթներն իրենց դրսևորումներն ունեն հասարակական կյանքում։ Հարկավոր է ընդամենը ուշադրություն դարձնել մարդկանց պահվածքին ու էթիկային, և արդեն պարզ կլինի վերաբերմունքը այլ մարդկանց, իրենք իրենց, անձնական ու ընդհանուր արժեքներին։
Էթիկան ընդհանուր առմամբ փիլիսոփայության ճյուղ է, որն ուսումնասիրում է բարոյականությունը (բարություն, ճշմարտություն, պարտք, պատասխանատվություն և այլն), իսկ կենցաղում «Էթիկա» տերմինն ավելի հաճախ օգտագործվում է կոնկրետ սոցիալական խմբի բարոյական նորմերի համակարգի իմաստով։ Այս համակարգում կան ինչպես գլոբալ օրենքներ՝ օրինակ, չի կարելի թույլ մարդկանց կամ երեխաներին հարվածել, չի կարելի ուրիշի իրերը խլել, այնպես էլ շատ մանր հարցեր՝ օրինակ, կնոջը ձեռքով բարևելու դեպքում հարկավոր է ձեռնոցը հանել։ Էթիկայի կանոններ ունի ցանկացած մասնագիտական խումբ։ Օրինակ՝ բժիշկը պետք է գաղտնի պահի հաճախորդի վերաբերյալ ինֆորմացիան, ուսուցիչը չպետք է անպատվի աշակերտին, վարորդը պետք է չծխի, ղեկին հեռախոսով չխոսի և այլն։ «Պահպանել էթիկայի կանոնները» չի նշանակում ընդունել ստորադաս դիրք, լինել հասարակության «ծառա», կամ հակառակը՝ ներկայանալ որպես բարձր խավի ներկայացուցիչ։ Հարկավոր է ընդամենը ճիշտ գնահատել սեփական տեղն ու դիմացինների դերը տվյալ շրջապատում ու հասարակության մեջ և ցուցաբերել համապատասխան վերաբերմունք։ Բայց հարկավոր է ինչպես շրջապատող մարդկանց, այնպես էլ սեփական անձի մեջ գնահատել բարձրագույն արժեքները՝ մարդ, մայր, ծնող, հայ և այլն։ Սա հնարավորություն կտա արժևորել շրջապատող մարդկանց, գնահատել, և որպես արդյունք՝ երջանիկ դարձնել։ Սրան համապատասխան ինքնաարժևորումն էլ կօգնի գնահատված ու հարգված լինել շրջապատի կողմից, և, որպես արդյունք, ավելի երջանիկ դառնալ։ Հասարակ օրինակում երբ երիտասարդը մեծահասակի տեղ է զիջում՝ արժևորելով վերջինիս կյանքի փորձը, իմաստությունը, որևէ մեկի ծնող լինելու հանգամանքը, ինքն էլ արժևորվում է որպես բարձր արժանիքների ու սկզբունքների տեր անձնավորություն։ Հարկավոր է գերագույն հարգանք ու պատասխանատվություն ցուցաբերել ինչպես սեփական, այնպես էլ շրջապատողների իրավունքների ու ազատությունների հանդեպ։
Օրինակ հասարակական տրանսպորտում մանավանդ երեկոյան ժամերին հեռախոսով բարձր խոսելը, նեղ անձնական կենցաղային թեմաներ քննարկելը, մարդաշատ միջավայրում ծխելը։ Երբ օրինակ ընդհանուր օգտագործման տարածքներում (այգիներ, պուրակներ, փողոցներ, մայթեր), որևէ մեկը իրեն թույլ է տալիս աղբ նետել փողոց, ուրեմն բացարձակապես հարգանք չունի այն անձնավորության հանդեպ, ով գիշերները չի քնում և մաքրում է տարածքը։ Բայց չէ՞ որ այդ մարդու երջանկությունը մեր ձեռքում է։ Եթե ոչ ոք ոչինչ չթափի, շատ մարդիկ կունենան թեթև գործ ու թեթև հոգս նույն աշխատավարձի դիմաց։ Փողոցում աղբ թափելը այլ հիմքային խնդիր ևս ունի։ Նշված մարդը չունի հարգանք ոչ մեկի հանդեպ, ո՛չ իր, ո՛չ շրջապատի։ Ինքը, իր հարազատները, ընկերները, ինչպես նաև այլ մարդիկ քայլելու են իր թափածին նայելով կամ իր թափածի մեջ։ Մի տարբերակում՝ անձը չի գիտակցում իր արածը, չի մտածում դրա նշանակության ու հետևանքների մասին, ուրեմն խնդիրը դպրոցներում ու մանկապարտեզներում է, որ իրենց գործը չեն անում, ինչպես նաև խնդիրը որոշ իմաստով տեսնողների ու նկատողություն չանողների մեջ է, ովքեր թույլ են տալիս ոտնահարել իրենց իրավունքն ու եսը։ Եթե խուսափում կամ վախենում են վեճից ու ընդարումից, ինչպե՞ս չէին վախենում հեղափողության ժամանակ փողոցները փակել ու «ամենավախեցնող» մարդկանց անուններն ու ավելացրած բնութագրեր վանկարկել։
Հասարակության էթիկան բարձրացնելու և բարձր արժեքները գնահատել սովորեցնելու մեջ յուրաքանչյուրս պետք է մեր ներդրումն ունենանք։ Երիտասարդը տեղ զիջելու համար պետք է մեծերից բարի խոսք լսի՝ շնորհակալություններ, օրհնություններ ու գովեստներ, աղբը թափողը պետք է կողքից ստանա բացասական արձագանք անտարբերության փոխարեն՝ առնվազն դժգոհության տեսքով։ Որպեսզի կնոջ առաջ դռներ բացվեն, կինը պետք է լինի կանացի, նորբ, որ կողքի տղամարդիկ ակնհայտ տեսնեն, որ ծանրությունները կնոջ համար չեն, իսկ տղամարդիկ թույլ չտան կանանց վերցնել արական սեռի ծանրությունները, խնդիրներն ու պատասխանատվությունը։ Այս բոլոր մանրուքներն առանձին-առանձին գուցե մեծ նշանակություն չունեն, բայց ամեն մանրուք մի ժպիտ է նվիրում, կամ գոնե տրամադրությունը չի փչացնում, օրն ավելի թեթև է անցնում, կյանքն՝ ավելի երջանիկ։