«Արմատ» հերթական ինժեներական լաբորատորիան բացվել է սահմանամերձ Բագարան գյուղում
Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում բացվել է «Արմատ» ինժեներական լաբորատորիան: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունիսի 8-ին: Այստեղ Բագարանի և հարակից համայնքների աշակերտները, ովքեր բավարար մաթեմատիկական գիտելիքներ ունեն, 5-րդ դասարանից կարող են անվճար սովորել ծրագրավորում, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, ինժեներական գործ: Բագարանի լաբորատորիայում կդասավանդեն Teach for Armenia ծրագրի մասնակիցները:
«Արմատի» այս լաբորատորիան հեռահաղորդակցության Ucom ընկերության օժանդակությամբ բացված 40-րդ լաբորատորիան է և առաջինը, որը բացվել է Ucom-ի և Teach for Armenia կրթական հիմնադրամի համագործակցության շնորհիվ: Այսուհետև երկու կազմակերպությունները կհամագործակցեն «Տեխնոլոգիաներ հանուն կրթության» կարգախոսի ներքո: Գործընկերության նպատակն է Հայաստանի հեռավոր շրջաններում ինովացիաների և բարձր տեխնոլոգիաների ներդրումը, որտեղ աշխատում են Teach for Armenia ծրագրի մասնակիցները:
«Արմատ» ինժեներական լաբորատորիաներ հիմնադրելիս առաջնայնությունը տրվում է սահմանամերձ համայնքներին: Այստեղ սովորող երեխաները կհասկանան, որ կարելի է զարգանալ, լավ աշխատանք ստանալ և կարիերայի սանդուղքով վեր բարձրանալ սեփական տանից դուրս չգալով, հայրենի գյուղը չլքելով, մեզ այս հարցում կօգնեն ժամանակակից տեխնոլոգիաները: Ես վստահ եմ, որ «Արմատ» ծրագրի շուրջ մեր գործընկերների միավորումը հատուկ արդյունք կունենա: Ucom-ը և Teach for Armenia-ն այս համահայկական կրթական ծրագրի մեջ կներդնեն իրենց դրական փորձն ու ավանդը: Եվ որքան մեծ թվով ընկերություններ կոնսոլիդացվեն տեխնոլոգիական կրության շուրջ, այնքան մեր հաջողությունը մեծ կլինի»,- իր կողմից ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) տնօրեն Կարեն Վարդանյանը: