Բանկերն անհուսալի վարկերի տույժ-տուգանքները կներեն
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստի օրակարգում ներառել է ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018թ․-ի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:
Փաթեթի բացատրական մասում նշված է, որ փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի կողմից՝ գործարար միջավայրի բարելավման, իսկ մյուս կողմից՝ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման քաղաքականության իրականացմամբ:
«Առաջարկվում է ֆիզիկական անձանց համար իրականացնել ևս մեկ համաներում՝ կապված գույքի (ավտոմեքենա, բնակարան, առանձնատուն, արտադրական, հասարակական կամ այլ առևտրային տարածք) օտարման գործարքներից առաջացող ԱԱՀ-ի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների հետ՝ պայմանով, որ օրենքի ընդունումից սկսած՝ 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը: Անհրաժեշտությունն այն է, որ շատերը չեն հասցրել օգտվել նախկին համաներումից և ներկայումս ունեն կուտակված հարկային պարտավորություններ:
Մասնավորապես, 2016-2017թթ. նշված արտոնությունների կիրառումից հետո լիազոր մարմինների կողմից տրամադրվել են տեղեկություններ ֆիզիկական անձանց կողմից իրականացված գույքի օտարման գործարքների վերաբերյալ: Եթե այդ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին տրամադրվեին արտոնությունների տրամադրման ժամանակահատվածում, ապա նշված ֆիզիկական անձինք, իմանալով իրենց հարկային պարտավորությունների մասին, կարող էին օգտվել արտոնությունից: