«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը չի կալանավորվել: Այս մասին հայտնեց նրա փաստաբանը` Աշոտ Գեւորգյանը: Փոխանցում է news.am-ը։

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրի դատարանում քննվում էր Աշոտ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորումն ընտրելու միջնորդությունը, որը ուշ գիշերին մերժվել էր դատարանի կողմից:

Նա դադարեցրել է 3 օր տևած հացադուլն ու ջրադուլը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել Երևանի քաղաքապետարանի շենքում տեղակայված հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: ԱԱԾ աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի շենքից դուրս են բերել փաստաթղթերով լի մի քանի սև տոպրակ, որոնք տեղափոխել են բեռնատար մեքենայով:

Դրանից հետո հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը:

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ «հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով»: