ԱՄՆՀյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման մասին համաձայնագրի շրջանակում 47 կետերով պահանջներ է ներկայացրել, հայտնել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն NHK-ի հետ հարցազրույցում:

«Հյուսիսային Կորեայի բարձրագույն ղեկավարը համաձայնվել է ամբողջական ապամիջուկայնացման անցկացմանը: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտնել է, որ Միացյալ Նահանգները այդ տերմինի մեջ ներառում է միջուկային և զանգվածային ոչնչացման զենքերի այլ տեսակների՝ քիմիական, կենսաբանական, ինչպես նաև հրթիռների և բոլոր համապատասխան օբյեկտների վերացում ստուգման ենթակա և անշրջելի ձևով: Դրա հետ կապված Հյուսիսային Կորեային պահանջներ են ներկայացվել 47 դրույթներով: Եթե այս ընկալմամբ ամբողջական ապամիջուկայնացումը չկատարվի, ապա Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն էլ չեն հանվի: Կարծում եմ, որ այնտեղ սա հասկանում են», - ասել է Կոնոն:

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ի պահանջով ոչնչացման են ենթակա Հյուսիսային Կորեայի բոլոր հրթիռները, այդ թվում՝ Ճապոնիային սպառնացողները:

Տարո Կոնոյի կարծիքով՝ Փհենյանը ամբողջական ապամիջուկայնացում անցկացնելու իր պարտավորվածությունից չի նահանջի:

«Հյուսիսային Կորեայում բարձրագույն ղեկավարի խոստումը առանձնահատուկ նշանակություն ունի, հատկապես եթե այն գրավոր է տրվել: Կարևոր է նաև այն, որ ամբողջական ապամիջուկայնացման մասին հայտնել են նաև երկրի ներսում: Կարծում եմ, որ նման իրավիճակում Հյուսիսային Կորեան իր պարտավորվածությունց չի հրաժարվի», - ասել է Ճապոնիայի ԱԳ նախարարը:

«Հուսիսային Կորեայի անվտանգության երաշխիքների հարցը դեռ պետք է հստակեցվի: Դա կարող է լինել փաստաթղթի տեսքով՝ այնպիսի դրույթներով, որ ԱՄՆ-ն չի հարձակվի Հյուսիսային Կորեայի վրա, չի փորձի հատել 38 զուգահեռագիծը և տապալել այնտեղ գոյություն ունեցող ռեժիմը: Երաշխիքները կարող են ներկայացվել նաև որևէ բազմակողմ կառույցի շրջանակում: Այս հարցը կքննարկվի», - ասել է Ճապոնիայի ԱԳ նախարարը: