Միջերկրական ծովից Իսպանիա են ժամանել Aquarius փրկարարական նավում գտնվող առաջին փախստականները: Հունիսի 17-ին իտալական Dattilo նավը Վալենսիայի նավահանգիստ է հասցրել փախստականների առաջին խմբին: Aquarius-ը և իտալական մեկ այլ նավ՝ Orione-ը, Վալենսիա կժամանեն տեղական ժամանակով 14:00-ին։ Այս մասին հայտնում է DW-ն։

Aquarius-ում և 2 նավերում ընդհանուր կան 630 փախստականներ: Նրանց ֆրանսիական մարդասիրական SOS Mediterranee կազմակերպությունը փրկել էր մեկ շաբաթ առաջ Լիբիայի ափերի մոտ մի քանի փրկարարական գործողությունների ժամանակ: Փրկվածների թվում են 11 փոքր երեխաներ, 89 անչափահասներ, որոնց մեծահասակներ չեն ուղեկցում, ինչպես նաև 7 հղի կին: Փրկված միգրանտներին Վալենսիայում դիմավորում են 2320 կամավորներ, այդ թվում՝ 470 թարգմանիչ:

Իտալիան և Մալթան հրաժարվել են այս մարդկանց ընդունել, ինչը Եվրոպայում նոր ճգնաժամ է հարուցել միգրանտների նկատմամբ եվրոպական քաղաքականության շուրջ: