Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ավան և Նոր Նորքի նստավայրում մերժեց Մանվել Գրիգորյանի փաստաբանների բողոքը։ Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ։

Նշենք, որ Գրիգորյանի փաստաբանները բողոքարկել էին Մանվել Գրիգորյանի ձերբակալման որոշումը։

Փաստաբան Հրանտ Անանյանի խոսքով, ԱԺ պատգամավորին քրեադատակավարական օրենսգրքով նախատեսված ձերբակալման 4 հիմքերից բացառապես մեկով կարելի է ձերբակալել. այն է՝ նա բերման է ենթարկվել հանցագործություն կատարելիս կամ անմիջապես դրանից հետո, որոնք Մանվել Գրիգորյանի դեպքում չկան։

Նշենք, որ ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի աջակիցներն այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Երևանի փողոցներում։ Ակցիան մեկնարկել է ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Մանվել Գրիգորյանի աջակիցները նստել են փողոցում և փակել Նալբանդյան փողոցը, նրանք վանկարկում են «Ազատություն»: Այնուհետև ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել Երևանի փողոցներով և երթով հասել մինչև Նոր նորքի 4-րդ զանգված, որտեղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրում տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի պաշտպանի բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը: Իրեն առաջադրված մեղադրանքը Մանվել Գրիգորյանը չի ընդունում:

Նշենք, որ ԱԱԾ-ն դիմել է ԱԺ` Մանվել Գրիգորյանին մանդատից զրկելու համար: