Ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով մայիսին ձեռքի կոտրվածք էր ստացել, համերգային շրջագայությունը կվերսկսի սեպտեմբերին։ Այս մասին գրել է Agence France-Presse-ը՝ հղում անելով երգչի ներկայացուցչին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազնավուրը վնասվածքի պատճառով դադար է վերցրել, բեմ դուրս կգա հունիսի 30-ին Լոնդոնում, բայց բժիշկները 94-ամյա երգչին խորհուրդ են տվել հետաձգել համերգային գործունեությունը։ Երգչի ներկայացուցիչն ասել է, որ դժբախտ պատահարի պատճառով Ազնավուրը կրկնակի կոտրվածք էր ստացել, այժմ ապաքինվում է, բայց բժիշկները կարծում են, որ այդ ընթացքն ավելի երկար ժամանակ կպահանջի, քան սպասվում էր, կձգվի մինչև օգոստոսի վերջ։

Մեծ Բրիտանիայում (հունիսի 30), Իսպանիայում (հուլիսի 14), Գերմանիայում (հուլիսի 21, օգոստոսի 4), Խորվաթիայում (օգոստոսի 16) նախատեսված համերգները հետաձգվում են։

«Երգիչը կարող է շարունակել իր համերգային շրջագայությունը սեպտեմբերին», - հայտնել է երգչի ներկայացուցիչը։

Ակնկալվում է, որ Ազնավուրը կշարունակի իր համերգային ծրագիրը Սիդնեյից, այնուհետև համերգներ կունենա Տոկիոյում, Օսակում, Կիևում, Բրյուսելում։ Տարեվերջին նախատեսված են համերգներ Ֆրանսիայում։