ՍՈւ-30ՍՄ կործանիչները կարող են հայտնվել հայկական զինանոցում մինչև 2024թ․, Երևանը պլանավորում է ձեռք բերել առնվազն 1 էսկադրիլիա՝ 12 հատ օդանավ։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականն՝ իր աղբյուրներին վկայակոչելով։

Երևանը հետաքրքրվում էր ՍՈւ-30ՍՄ-ներով 2010թ․-ից սկսած՝ նպատակ ունենալով թարմացնել ՍՈւ-25-երից ու ՍՈւ-27-երից կազմված ավիապարկը (Սու-27-եր ՀՀ օդուժի կազմում չկան - խմբ․)։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտոնել էր օդանավերի մատակարարումը, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը չէր կայացել։ Կողմերը բազմիցս քննարկել էին գործարքի իրականացման հնարավորությունը, ՀՀ-ն պիտի գներ օդանավերը ներռուսաստանյան գներով։ Միաժամանակ ՀՀ-ն գնել էր «Իսկանդեր» համակարգեր ու $300 մլն վարկեր էր վերցրել՝ ռուսական զենք գնելու համար։

Վերջին անգամ կողմերն անդրադարձել են թեմային հայկական «թավշյա հեղափոխությունից» առաջ, որի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ձեռքբերումը հետաձգվում է մինչև 2024թ․։ Հեղափոխությունից հետո զենքի հարցերով ակտիվ բանակցություններ չեն եղել, սակայն, հիշեցնում է պարբերականը, վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել էֆեկտիվ դարձնել համագործակցությունը։ Պաշտպանության նոր նախարար Դավիթ Տոնոյանը զբաղվում էր զինամթերքի հարցերով ու լավ կապեր ունի ՌԴ ռազմարդյունաբերական համալիրում։ Մոսկվան էլ հույս ունի սկսել իրականացնել գործարքը որքան հնարավոր է շուտ։ Դա անհրաժեշտ է Իրկուտսկի ավիաշինական գործարանի հզորությունները մինչև 2022թ․ բեռնելու համար․ 2022թ․-ից հետո ՍՈՒ-30ՍՄ-ի արտադրությունը դադարեցվելու է, շեշտն էլ դրվելու է ՍՈՒ-35-ի վրա, որն արտադրվում է Ամուրի Կոմսոմոլսկում։