ԱԺ քննարկման ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթով առաջարկվում է բանկերին հնարավորություն տրվի, որ առանց հարկային հետևանքներ ունենալու ներել ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի տույժ-տուգանքները: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին նշեց Ֆինանսների փոխնախարար Արտակ Պողոսյանը՝ հավելելով, որ խոսքը մինչև մայիսի 31-ը եղած անհուսալի վարկերի մասին է:

Նրա խոսքով, եթե բանկերը գործող կարգավորումներով ներեին մարդկանց տույժ-տուգանքները, նրանց մոտ կառաջանար հարկային պարտավորություններ, դրա համար նրանք խթան չունեին գնալու նման քայլի, իսկ հիմա ստեղծվում է այդպիսի հնարավորությունը:

«Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է, որ այն մարդկանց համար, ովքեր մեկ տարում երկու և ավելի միատեսակ գույք են օտարել և նրանց մոտ ձևավորվել է ԱԱՀ վճարելու պարտավորություն, նրանց հնարավորություն է տրվում օրենքն ընդունելուց հետո 90 օրվա ընթացքում վճարել միայն հարկի մայր գումարը և ազատվել կուտակված տույժերից ու տուգանքներից, որոնք հաճախ գերազանցում են մայր գումարը:

Բացի այդ, հնարավորություն է տրվում հանրային սննդի ոլորտում ներգրաված տնտեսվարողներին մինչև օգոստոսի 20-ը հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարելող համարվելու մասին հայտարարություն: Եթե չներկայացնեն, հայտնվելու են ԱԱՀ հարկի եւ գործելու են բարձր հարկային բեռի դաշտում», - ասաց նփոխնախարարը:

Նույն փաթեթով առաջարկվել է մարդատար մեքենաների ներկրման դեպքում բնապահպանական հարկի բեռը վերանայել և միայն շարժիչի հզորությունը հաշվի առնող մոդելից անցում կատարել տվյալ նաեւ մեքենայի տարեթիվը հաշվի առնող մոդելին.

«Արդյուքնում մինչև վերջին երեք տարին թողարկման տարեթիվ ունեցող մեքենաների համար հարկային բեռը մոտ 4 անգամ նվազելու է: Մնացած մեքենաների գծով բնապահպանական հարկի բեռը կրկնակի քիչ կլինի, քան սահմանված է այսօր», - ընդգծեց Արտակ Պողոսյանը: