Հունիսի 30-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգան Մալթայի ֆիլհարմոնիկ և Մալթայի երիտասարդական նվագախմբերը։

Համատեղ համերգի ընթացքում երաժշտասեր ունկնդիրներին կներկայացվեն Ջոակինո Ռոսսինիի, Ժոզեֆ Վելլայի, Չարլզ Քամիլերիի, Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններից։ Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Ստեֆան Քալեյան։ Ստեֆան Քալեյան Մալթայի երիտասարդ սերնդի լավագույն ջութակահարներից է և հունիսի 30-ի համերգին նվագախմբերի հետ համատեղ կներկայացնի մալթացի կոմպոզիտոր Ժոզեֆ Վելլայի ռապսոդիան։

Համերգը կայանալու է Մալթայի արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում։ Եվ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախմբերի համատեղ ելույթով ներկայացվելու է տարբեր մշակույթների երաժշտական ժառանգությունը։

Նշենք, որ Մալթայի արվեստի միջազգային փառատոնը, որն անցկացվելու է հունիսի 29-ից մինչև հուլիսի 16-ը, արվեստասեր հանրությանը ներկայացնելու է մշակութային հետաքրքիր միջոցառումներ՝ համերգային ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, թատերական ներկայացումներ և այլն։