Հունիսի 26-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը մեկնաբանել է նախօրեին Իրանի պետական սահմանապահ ծառայության պետ գեներալ Ղասեմ Ռեզայի հայտարարությունը՝ նշելով, որ դրանով վերջինս փորձում է զինված խմբավորման վրայից հեռացնել սահմանը խախտելու պատասխանատվությունը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Փոխանցում է razm.info-ն։

ՊՍԾ-ից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան կրկնել են նախորդ հայտարարությունը առ այն, որ «իրականում զինված խումբը սահմանը խախտել է»:

Նշենք, որ հունիսի 21-ին, ինչպես հայտնում էր Ադրբեջանի ՊՍԾ պաշտոնական կայքը, Իրան-Ադրբեջան սահմանին՝ Ջալիլաբադ գյուղի մոտ, մի զինված խումբ խախտել էր սահմանը: Ադրբեջանցի սահմանապահների զենքը վայր դնելու հրամաններին չենթարկվելու պատճառով սկսվել էր փոխհրաձգություն: Արդյունքում վիրավորվել էր մեկ ադրբեջանցի սահմանապահ զինծառայող: Վիրավորը Բայլականի շրջանից զորակոչված Կուրուպով Ռամազան Մամեդ օղլուն էր (Kuru­pov Ra­­ma­zan Məmməd oğlu):

Իսկ հունիսի 26-ին Իրանի ՊՍԾ պետ Ղասեմ Ռեզային մանրամասներ էր հայտնել այս իրադարձության վերաբերյալ, նշելով, որ «միջադեպը եղել էր ոչ թե Իրան-Ադրբեջան սահմանին, այլ հենց Ադրբեջանի տարածքում՝ սահմանից 2 կմ հեռավորության վրա»: